Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեզ`հայերիս, որքա՜ն է պակասում համարձակությունը. բայց «զատո» լավ ճառ ասել գիտենք

Մեզ`հայերիս, որքա՜ն է պակասում համարձակությունը. բայց «զատո» լավ ճառ ասել գիտենք
20.07.2013 | 17:39

«Ռոսիայի» կանգառում հավաքված մարդիկ քննարկում էին տրանսսպորտի նոր սակագինը: Տարեց մի կին վրդովված պատմում էր, թե ինչպես է «Կոմիտասից» գալուց 100 դրամ վճարել, որի համար էլ վեճի մեջ է բռնվել 19 համարի երթուղայինի վարորդի հետ: «Ասեցի`լավ եմ անում, հերիք էղավ` ինչ մտքներով անցնի ասեն`մենք էլ սուսուփուս անենք: Ասի`եթե քո վիճակն էնքան լավ ա, որ իմ փոխարեն կտայիր 150 դրամ, իմը շատ վատ ա, ես ոչ աշխատում եմ, ոչ էլ կողքից օգնող ունեմ: Թող պետությունը նախ գործ տա`աշխատենք, հետո նոր գին բարձրացնի ու պահանջի»:

Նրա զրուցակիցներից մի երիտասարդ աղջիկ էլ երևում էր ավելի «կոմպլեքսավորված» է այս հարցում. «Ես անհարմար կզգամ`չտամ, հետևիցս ինչ ասես կխոսան, ամոթ ա»:

Քիչ անց զրույցի բռնվեցի անցորդներից մեկի հետ. հետաքրքրվեցի`օգտվե՞լ է այսօր տրանսպորտից, վճարե՞լ է նոր սակագնով: Պատասխանեց, որ չի օգտվել, բայց ավելացրեց, որ ոտքով է այսօր տեղաշարժվել. «Հրապարակից մինչև ԳՈՒՄ ոտքով եմ էսօր քայլել...ճիշտ ա հանգիստ, իմ համար քայլել եմ, բայց ոտքերս հոգնել են....»: Իմ հարցին, թե ինչո՞ւ նա երթուղային տաքսի չի նստել` նստեք, վճարեք ինչպես միշտ, նա ձեռքը թափահարեց. «Էհ, ներվեր ունե՞մ դրանց հետ կռիվ տամ»: Կինը նկատի ուներ վարորդներին:

Ինչպես հասկացա, այսօրվանից մարդիկ հույսները դնելու են սեփական ոտքերի վրա. սկսելու են ոտքով ման գալ: Նման դեպքերի նախկինում`100 դրամի «օրոք» էլ եմ հանդիպել, իսկ հիմա, պարզ է, նրանց թիվն ավելի կշատանա:

ՈՒրեմն ի՞նչ: Մնում է ընտրել «կամ-կամ»-երից մեկը` ընդվզել կամ համակերպվել:

Անկեղծ ասած`մարդկանց այս երկու տեսակներից էլ (ընդվզող և համակերպվող) հանդիպեցի այսօր: «Համակերպվողները», որքան էլ տարօրինակ է, վճարում էին 150 դրամները դեմքի այնպիսի արտահայտությամբ` կարծես արտառոց ոչինչ չի պատահել և անվրդով իջնում:

Ընդվզողներն էլ, ինչպես նկատեցի, նույնպես քիչ չեն (նրանք, ովքեր անխոս վճարում էին 100 դրամ և ուշադրություն չդարձնելով վարորդի դժգոհ դեմքին և փնթփնթոցին`իջնում): Նրանցից էի նաև ես...

Սակայն ուզում եմ ընդգծել, որ ամեն ինչ բառացիորեն «փչացնում են» հենց այդ «արտաքուստ համակերպվողների» թեկուզ փոքրիկ բանակը: Մտածում եմ` որքան լավ կլիներ, որ մեր ժողովուրդը նման պարագաներում միասնական լիներ, թեկուզ թույլ ըմբոստությամբ կարողանար արտահայտել իր դժգոհությունը: Այդ ժամանակ, անկասկած, ամեն ինչ այլ կլիներ, նվնվալու ժամանակ էլ չէինք ունենա...

Այսօր ավելի համոզվեցի, թե մեզ`հայերիս, որքա՜ն է պակասում համարձակությունը. բայց «զատո» լավ ճառ ասել գիտենք:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1609

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ